Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հոգեկան և վարքի խանգարումներ

Շիզոֆրենիա և շիզոֆրենանման փսիխոզներ

Շիզոֆրենիա և շիզոֆրենանման փսիխոզներ

Մի շարք մասնագետներ խմիչքի օգտագործումից առաջացած հիվանդությունները դասակարգել են հետեւյալ ձեւով`ալկոհոլային զառանցանք կամ սպիտակ տենդ, ալկոհոլային հալյուցինոզ, քրոնիկական հալյուցինոզ, խանդի կամ ամուսնական անվստահության զառանցանք, կորսակովյան փսիխոզ, թունդ արբեցում կամ դիպսոմանիա:

 

Ալկոհոլային զառանցանքը կամ սպիտակ տենդը քրոնիկական թունավորման արտահայտություն է: Այն մարդու մեջ առաջ է բերում ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան աշխարհի կայուն փոփոխություններ:

 

Ըստ հոգեբույժ Եվգենի Բլեյլերի աշխատության, «շիզոֆրենիա» անվան տակ նկարագրվող հիվանդագին վիճակները տարբեր են իրենց բնույթով, ծագումով, եւ նրանց նույն խմբին դասելը պայմանական բնույթ է կրում: Իհարկե, հետագայում ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս հիվանդությանը բնորոշ հատկանիշներ նկատվում են նաեւ այլ հոգեկան հիվանդությունների ժամանակ:

 

Որո՞նք են շիզոֆրենիայի նման ընթացող հիվանդությունները, եւ ինչպե՞ս կարելի է որոշել ախտանիշների պատկանելիությունը:

 

Մի շարք հոգեկան հիվանդությունների (ինչպիսիք են ալկոհոլային, վարակական, օրգանական, այդ թվում` անոթային, վնասվածքային եւ մի շարք ոչ էնդոգեն ծագման) փսիխոզների ժամանակ հաճախակի նկատվող հոգեկան խանգարումները երբեմն ընթանում են ոչ սովորական ձեւով: Գիտակցության մթագնած կամ չխանգարված վիճակում ի հայտ են գալիս մի շարք ախտանիշներ, որոնք հաճախ նկատվում են շիզոֆրենիայով տառապող անձանց մոտ.

 

Կեղծ հալյուցինացիաներ. հիվանդները նշում են, որ նրանց աչքերին երեւացող տեսիլքները ցուցադրվում են ինչ-որ սարքավորումների միջոցով, եւ որ նրանք ցանկանում են ազատվել դրանցից, սակայն վերստին գտնում են իրենց: Երբեմն էլ ցնորքները ներքին` մտավոր տեսողությամբ, ոչ թե իրենցից դուրս, այլ իրենց մեջ` ուղեղի խորքում կամ որովայնի խոռոչում են: Նկատվում են նաեւ լսողական կեղծ ցնորքներ (հիվանդները լսում են տվյալ պահին գոյություն չունեցող ձայներ, ընդ որում` իրենց «գլխի ներսից» կամ ներքին օրգաններից): Հազվադեպ նշում են նաեւ համի, հոտառության եւ շոշափելիքի զգացողության խանգարումներ` կեղծ հալյուցինացիաների ձեւով: Նկատվում են նաեւ աֆեկտիկ խանգարումներ` տրամադրության, մտածողության պրոցեսների ու շարժումների գերակտիվության կամ ընկճվածության ձեւով:

 

Հիվանդի մոտ նկատվում է հետապնդման զառանցանքների զգացողություն: Նրանց թվում է, թե «թշնամաբար տրամադրված մարդիկ» հիպնոսի կամ տարբեր ուժերի, ճառագայթների, էլեկտրաէներգիայի, բիոհոսանքների միջոցով ազդում են եւ իրենց ենթարկում տանջանքների: Այս զգացողության հետ մեկտեղ՝ նրանց մոտ զարգանում են հոգեկան ավտոմատիզմի երեւույթներ: Այս դեպքում նրանք համոզված են, որ վերը նշված ուժերն ինչ-ինչ մեթոդներով ազդում են նրանց մտածողության ու շարժման պրոցեսների եւ զգայական ֆունկցիաների վրա:

 

Հիվանդների մոտ նկատվում է շարժման պրոցեսների դանդաղում եւ կարկամում: Հիվանդները դառնում են պակաս շարժուն կամ անշարժ, հարցերին չեն պատասխանում, հրաժարվում են սնվելուց, բժշկական հետազոտության ժամանակ դիմադրում են:

 

Նման հիվանդների մոտ զգացվում են գիտակցության երազանման խանգարումներ: Նրանց թվում է, թե տվյալ պահին իրենք գտնվում են կռվի դաշտում, որ իրենք են պայքարի կամ կռվի առիթը: Իրենց համարում են մեծանուն գիտնականներ, աշխարհահռչակ արտիստներ, հանդես են գալիս Նապոլեոն Բոնապարտի, Հուլիոս Կեսարի եւ այլ շատ պատմական անձանց դերերում:

 

Վերոհիշյալ հոգեախտաբանական երեւույթները թեեւ հաճախակի նկատվում են շիզոֆրենիայի տարբեր ձեւերի ժամանակ, սակայն որոշ ախտանիշների հետ զուգակցվելու դեպքում նրանց արտահայտման ձեւը փոխվում է, որը բնորոշ չէ շիզոֆրենիային: Հիվանդությանը ոչ բնորոշ ախտաբանական խանգարումների ժամանակ վերոհիշյալ երեւույթներն առաջին հերթին զուգակցվում են նույն զգայարանների կողմից նկատվող իսկական ցնորքների հետ: Դրանք անհայտանալուց հետո հաճախ վերանում են կեղծ հալյուցինացիաները: «Վերաբերման, ազդեցության» եւ այլ զառանցական մտքերը ուղեկցվում են իսկական ու կեղծ հալյուցինացիաներով, իսկ վերջինիս անհայտանալուց հետո աստիճանաբար անհայտանում են նաեւ կեղծ ցնորքներն ու զառանցական մտքերը:

 

Հոգեկան ավտոմատիզմի տարբեր դրսեւորումներն ի հայտ են գալիս միայն հիվանդության ընթացքի խորացման շրջանում, կարճատեւ են, եւ տարբեր ախտանիշները միասին գրեթե հանդես չեն գալիս: Դա եւս պայմանավորված է իսկական ու կեղծ հալյուցինացիաների առկայությամբ: Դրանք վերանալուց հետո անհայտանում են նաեւ տվյալ սինդրոմի տարբեր ախտանիշները:

 

Գիտակցության երազանման խանգարումները նկատվում են միայն երեկոյան ժամերին, տեւում են մի քանի րոպեից մինչեւ 1-2 օր, եւ տեսողական ցնորքների անհայտանալուց հետո հիվանդները դուրս են գալիս այդ վիճակից: Շարժումների կարկամածության երեւույթները տեւում են մի քանի ժամ: Նման նշանների առկայության դեպքում հեշտ է «շիզոֆրենիայի» ախտորոշումը հերքելը:

 

Այսպիսով, կարելի է հանգել հետեւյալ եզրակացություններին. շիզոֆրենանման ախտանիշներն այս կամ այն հոգեկան հիվանդությանը խիստ բնորոշ չեն եւ կարող են նկատվել տարբեր ծագման հոգեկան հիվանդությունների ժամանակ: Նրանց բնորոշությունը պայմանավորված է այն ախտանիշների առկայությամբ, որոնց հետ զուգակցվում են:

 

Պետք է ասել նաեւ, որ հիվանդագին վիճակների առաջացումը պայմանավորված է իսկական եւ կեղծ ցնորքների առկայությամբ, որոնց անհայտանալուց հետո վերանում է նաեւ շիզոֆրենանման վիճակը: Թեեւ շիզոֆրենանման ախտանիշները կարճ են տեւում, սակայն փոխում են էկզոգեն ծագման եւ օրգանական բնույթի մի շարք հոգեկան հիվանդությունների ընթացքը:

 

Ատիպիկ ընթացող վերը նշված շիզոֆրենանման փսիխոզները պայմանավորված են գլխուղեղի օրգանական կամ անօրգանական` անցողիկ կամ կայուն բնույթի փոփոխություններով, հետեւապես այն չի կարելի դասել շիզոֆրենիայով պայմանավորված` բարդացած փսիխոզների շարքին:

 

Շիզոֆրենանման փսիխոզների ժամանակ առաջանում են օրգանական բնույթի փոփոխություններ, նկատվում են էնցեֆալոպաթիային բնորոշ երեւույթներ: Հիվանդների հիշողությունը թուլանում է, հետաքրքրասիրությունների շրջանակը` նեղանում:

Հեղինակ. Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ
Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. nevrozov.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Պարանոյա
Պարանոյա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ